A review by annbvrnes
Անմահների ակադեմիա by Համլետ Առաքելյան, Համլետ Առաքելյան

3.0

Ֆենթեզի ժանրում էր գիրքը: Հետաքրքիր սյուժե, հետաքրքիր կերպարներ: Կլանված կարդացել եմ մինչև վերջ: Ավարտը մի քիչ չհավանեցի, բայց գրքի հաղորդագրությունը լավն էր:

Հայ առասպելաբանությանն անդրադառնալը ըստ իս հիանալի գաղափար էր: Նոր բաներ սովորեցի էս գրքից: Մեծ սիրով նորից կվերընթերցեի ու կուսումնասիրեի սյուժեն ու կերպարները կրկին:

Կերպարներից ամենասիրելին Արան էր, չնայած այն փաստին, որ հայրենասեր չէր. երևի թե միակ կողմն իր կերպարում, որ չհավանեցի: Ամենաշատը նա էր հոգեհարազատ, ու դա էլ պատճառներից մեկն է, որ գրքի ավարտն այդքան էլ չհավանեցի:

Արեգը տիպիկ գլխավոր կերպար, կամ ինչպես ասում են՝ «կինոյի տղա» էր: Նրա կերպարն էլ վատը չէր: Տարտարոսյանի կերպարն էլ հավանեցի, որպես չարագործ վատ չէր գրված: Բոլոր կերպարներն ընդհանուր առմամբ հետաքրքիր էին:

Կախարդանքների անվանումներին շատ ուշադիր չեմ եղել, բայց վստահ եմ, որ հատուկ մտածված էին բոլորը: Հարրի Փոթերից ֆլեշբեքներ էի ստանում, երբ կերպարները կախարդանքներ էին օգտագործում: Տպավորություն կար, որ որոշ չափով հենց Հարրի Փոթերից էլ ոգեշնչված էր հեղինակը:

Կերպարի անուններին հատուկ ուշադրություն էր դարձված, դա էլ հավանեցի: Արեգի ամբողջական անունն էր Արեգ Խորենի Արևշատյան, և՛ անունը, և՛ ազգանունը, և՛ հայրանունը խորհրդանշում են արևը: Հետագայում նաև դստեր անունն էլ՝ Արևիկ: Արայի ամբողջական անունն էր Արա Սիրունյան՝ ակնարկելով Արա Գեղեցիկին: Պատահական չէր, որ Արան տեսքով նկարագրված էր որպես հմայիչ երիտասարդ. մանուշակագույն մազեր ու մուգ կանաչ աչքեր, յուրահատուկ ու սիրուն համադրություն: Գեղեցիկ լինելուց բացի՝ նաև խելացի ու ինքնավստահ էր: Մյուս կերպարների անուններն էլ՝ տիկին Տարտարոսյան, պարոն Ուշյան, Լուսինե Արևշատյան և այլոք: Անունները պատահական չէին ընտրված ու կերպարի մասին որոշ բաներ պատմում էին:

Պիտի խոսեմ Արայի ու Արեգի հարաբերություններից: Գիրքը նկարագրեց դա որպես ընկերություն, բայց ես տեսա ավելին, քան ընկերությունը: Արային ու Արեգին ներառող ցանկազած պահ ռոմանտիկ զգացողություններ էր առաջացնում ինձ մոտ: Կարող եմ գրազ գալ, որ սիրահարված են եղել իրար ինչ-որ պահերի: Էնքան աչքին զարնող էր դա, որ ես սպասում էի հեղինակից, որ նրանց հարաբերություններին այդ կողմից կանդրադառնա, բայց ավաղ… Ինչևէ, էս երկու տղաների միջև կապն ինձ ամենաշատը գրավեց գրքում: Էլի մի պատճառ, որ չսիրեմ գրքի ավարտը:

Հետագայում հեղինակից կսպասեմ այլ գրքերի, ինձ հետաքրքրեցին այս մեկի գաղափարներն ու կերպարները, հետաքրքրությամբ կկարդամ նաև այլ գործեր:

Ընդհանուր կգնահատեմ 3/5, խորհուրդ կտամ դեռահասներին, ովքեր սիրում են ֆենթեզի ժանրը