A review by annbvrnes
The Idiot by Fyodor Dostoevsky

5.0

No one’s gonna read this but…

Առաջին անգամ կարդացածս գիրքը որոշեցի վերլուծեմ, հետո վերհիշելու ու կարծիքս վերանայելու համար:

Էս գիրքը իշխան Լև Միշկինի մասին էր, ով տառապում էր էպիլեպսիայով/ընկնավորությամբ: Էս գրքի շնորհիվ ես ինձ համար որոշ չափով բացահայտեցի էդ հիվանդությունը: Իշխանը Շվեյցարիայում բուժում անցնելուց հետո 26 տարեկանում գալիս է Ռուսաստան, որտեղ ընկնում է շատ հետաքրքիր ու սկանդալներով լի պատմության մեջ:

Շատ ծավալուն, մանրամասնություններով գրված գիրք: Դոստոևսկու ոճն իհարկե էսպես է, ես էլի գրքեր կարդացել եմ իրենից, բայց էն ժամանակ տարիքով փոքր եմ եղել ու շատ բան չեմ հասկացել: Հիմա էս գիրքը կարդալուց հետո վստահաբար կասեմ, որ Դոստոևսկին իմ սիրելի գրողների շարքում պատվավոր տեղ ունի:

Չէի ասի, որ իշխանի կերպարն ինձ ահավոր դուր եկավ, ուղղակի կասեմ, որ շատ վատ եմ զգացել իր համար ամբողջ ընթերցանության ընթացքում, թե ոնց էին աջից ու ձախից վիրավորական բառեր ասում իր հասցեին ու նույնիսկ ծաղրում: Դա շատ անընդունելի բան էր, ու շատ կերպարներ ինձ ատելի էին թվում, զուտ իշխանի նկատմամբ էդպիսի վերաբերմունքի համար: Բնածին հիվանդությունը պետք չէ ծաղրել, երբեք դրան արդարացում չի լինի:

Կերպարները շատ հետաքրքիր էին գրված, բոլորը, ու չնայած որ Դոստոևսկին նշել էր, որ լիքը կերպարներ ոչ մի առանձնահատկություն չունեին ու սովորական մարդիկ էին, ես կասեմ, որ բոլորն էլ լավ գրված կերպարներ էին, ու Դոստոևսկուն հաջողվել էր գրեթե բոլորին ներկայացնել, իրենց գաղափարներով ու մտածելակերպով հանդերձ:

Ինձ դուր չեկած կերպարները. Եպանչինների ամբողջ ընտանիքը, Ագլայայի գլխավորությամբ: Երևի Լիզավետա Պրոկոֆևնան էր միայն, որ դուրեկան կերպար էր ինձ համար, շատ դյուրագրգիռ ու զգացմունքային կին էր, շուտ էր բռնկվում: Կարելի է ինչ-որ տեղ հասկանալ նրան, զավակների համար միշտ անհանգիստ էր: Ու ոչ միայն զավակների, իշխանի համար էլ:

Ագլայան եսասեր, էգոիստ, գոռոզ, ինքնահավան, ու ինչ-որ տեղ երեսառած աղջիկ էր: Ըստ վեպի ինքը իբրև թե սիրում էր իշխանին, ու իշխանը իբրև թե վիրավորեց նրա զգացմունքները, վերջում նրան չընտրելով որպես կյանքի ընկեր: Ես էդպես էլ չհասկացա նաև էն փաստը, թե ինչպես էր ստացվել, որ իշխանը սիրահարվել էր նրան ու նույնիսկ ձեռքն էր խնդրել: Ագլայան սարսափելի վատ էր վերաբերվում իշխանին, ու վերջինս նման վերաբերմունքի արժանի չէր:

Նույնը Նաստասյա Ֆիլիպովնայի մասին, երեսառած աղջիկ, ով սիրում էր տղամարդկանց մատերի վրա խաղացնել: Իշխանի ևս մի սխալ, երբ մտածում էր, որ սիրահարված է Նաստասյային ու պետք է նրա հետ լինի: Հետագայում մի քանի անգամ Նաստասյային «խելագար» անվանեց, ինչի հետ ինչ-որ չափով համաձայն եմ:

Չսիրեցի Իպոլիտի կերպարը, ավելի շուտ, սեր-ատելություն միախառնված: Թոքախտով հիվանդ տղա ով փորձում էր իր հիվանդությամբ «պարծենալ»:

Գանյայի կերպարն էլի նույն զգացողությունները տվեց, սեր-ատելություն: Սկզբում ընդհանրապես չէի սիրում, հետո կերպարը բավականին զարգացում ապրեց: Խնդիրներ ուներ հոր հետ, եթե ես նրա տեղում լինեի, ես էլ խնդիրներ կունենայի, նրա հոր կերպարը ամենաչհավանածս կերպարների շարքում է: Հարբերցող, կյանքին անլուրջ նայող մեկը, ում էդպես էլ չկարողացա լուրջ ընդունել:

Կոլյան՝ Գանյայի փոքր եղբայրը, գրքի ամենալավ կերպարներից մեկն է: Բարի, օգնող, անշահախնդիր, հոգատար: Բոլոր իր տարիքի երեխաները պետք է էդպիսին լինեն: Միակ կերպարներից, որ իշխանին երբեք չծաղրեց ու չվիրավորեց հիվանդության համար:

Վերջում խոսեմ Պարֆեն Ռոգոժինի մասին: Ինչու վերջում՝ որովհետև սիրելի կերպարս է: Վեպը սկսվեց Պարֆենի ու իշխանի հանդիպմամբ, ու նրանցով էլ ավարտվեց: Պարֆենի կերպարն ամենահետաքրքիրն էր ինձ համար: Բացասական գծերի տեր՝ մեծամասամբ բոլորի կողմից չսիրված: Շատերը վատ էին արտահայտվում, ու չէին սիրում նրան: Նենգ ու խելագար կերպար: Խելագարությունը հասցրեց նրան անսպասելի արարքների: Բայց վերջում արժանի պատիժ կրեց ամեն ինչի համար, ու հոժարակամ ընդունեց պատիժը: Թեյլոր Սվիֆթի «Don’t blame me, love made me crazy» տողերն եմ հիշում, երբ Պարֆենի մասին մտածում եմ:

Պարֆենի ու Լևի կապի մասին կուզեմ խոսել: Վեպում ինձ ամենաշատը տպավորող մասն էր: Երկու հակառակ բևեռներ են, կերպարները հակադրում են իրար, գրեթե ամեն ինչում: Նենգ աթեիստ ու չափից շատ ազնիվ քրիստոնյա: Ու չնայած էդ ամենին, սիրում էին իրար: Համենայն դեպս, Լևը վստահաբար սիրում էր Պարֆենին, ամբողջ հոգով ու սրտով, չնայած Պարֆենի տեղ-տեղ վատ վերաբերմունքին: Չեմ հիշում, որ գրքում նշված լինի Պարֆենի զգացմունքների մասին, բայց ես հակված եմ էն մտքին, որ Պարֆենն էլ Լևին էր սիրում: Էս երկուսի հարաբերությունները ինձ ամենից հետաքրքրող մասն են եղել ամբողջ պատմության մեջ: Դեռ վեպի սկզբից կանխազգում էի, որ իրար հետ կապված են լինելու, ու նույնիսկ Դոստոևսկին ակնարկ էր թողել, հենց առաջին տողերում, եթե չեմ սխալվում:

Ավարտը շատ անսպասելի էր, բայց չեմ ասի, որ հիասթափված եմ, նույնիսկ հավանել եմ, ընդհանրապես ամբողջ գիրքն ինտրիգային էր շատ, ու լիքը սկանդալներով, էլի մի պատճառ, որի համար հավանեցի այն:

Որոշ հանգամանքներ երևի ավելի խորքային չեմ ուսումնասիրել ու հասկացել, շատ կերպարների էլ հնարավոր է սխալ եմ վերլուծել, բայց էսպիսին է տպավորությունս: Հետո չգիտեմ՝ վերընթերցում կանեմ, թե չէ, երևի արժի, մի քանի տարի անց, հայացքներս երևի թե փոխված կլինեն:

Ընդհանուր առմամբ կասեմ, որ գիրքը վայելել եմ, բոլոր 830 էջերը: Սյուժեից զատ, Դոստոևսկու վերլուծությունները, արծարծած թեմաները շատ հետաքրքրական են, սա հաստատ վերջին գործը չէ, որ նրանից կկարդամ:

5/5, պարտադիր կարդալու:

That’s it :)