A review by annbvrnes
Զուլալի by Narine Abgaryan, Narine Abgaryan

5.0

Էս հրաշք պատմվածքների ժողովածուն մի այլ կարգի կպավ սրտիս, բոլոր պատմվածքներին ուզում եմ անդրադառնալ:

Զուլալի: Շատ հուզիչ, շատ սիրուն գրված, սրտին կպնող, անսահման գեղեցիկ: Լաց եմ եղել կարդալիս, մի այլ կարգի կապվեցի կերպարների հետ, բոլորի: Զուլալիին մի այլ կարգի կարեկցում եմ ու շատ ցավ եմ զգում իր համար: Հեղինակը կարողացել է զգացմունքներ փոխանցել իր գրվածքով, ինչն ինձ համար ամենակարևորն է:

«Փերի» գեղեցկության սրահը: Էս շարքի ամենալավ պատմվածքն էր, սյուժեն ավելի խորը, նույնիսկ վիպակի տպավորություն թողեց ավելի շատ, ոչ թե պատմվածքի: Նազելիի կերպարը շատ հավանեցի, կուզեի նրա նման լինել: Շատ ամուր ու ուժեղ կին էր, հիանալի գրված կերպար: Մի այլ կարգի լարված պահեց էս գործը, շատ սյուժետային բեկումներ կային ու անակնկալի էի գալիս շատ: Շատ լավն էր, միայն էս մի պատմվածքը արժե կարդալ, եթե ոչ ամբողջ շարքը:

Սեր։ Մոտս շատ չտպավորվեց այս մեկը: Էս պատմվածքը երևի թե ուզում էր ցույց տալ, թե ինչպես է զույգը կարողանում սերը գաղտնի պահել, ու թե իրականում սերն ինչ փխրուն ու անձնական զգացմունք է, որը պետք է մնա հենց զույգի մեջ, այլ ոչ թե հրապարակայնացվի: Խոսքը ռոմանտիկ սիրո մասին է իհարկե։

Մարլեզոն: Լավ պատմվածք էր: Սիրում եմ, որ հեղինակները լավ կապ են ստեղծում մարդու ու կենդանու միջև, կենդանուն որպես կերպար լավ ներկայացնելով հանդերձ։ Մարլեզոնի ու Հովհաննեսի կապը սիրեցի, կենդանին նույնիսկ տիրոջ կյանքը փրկեց: Մեղվապահությանն անդրադառնալը էլի հավանեցի, հարազատ շունչ էի զգում: Ոնց որ հետ տաներ իմ հայրենի գյուղ:

Հաղթանակած պառավների եզերքում: Սիրահարվեցի Մարկին, ուղղակի դա կասեմ: Պատմվածքը շատ լավ հաղորդագրություն էր կրում իր մեջ: Ընդհանրապես գրքի գյուղական մթնոլորտը հաճույք է պատճառում կարդալու ժամանակ: Մարկին էլ էր գյուղական միջավայրը դուր գալիս, նման միջավայրում իսկապես հնարավոր է հիանալի գործեր գրել:

Բեգոնիա: Մաքսիմ պապի կորստի համար շատ էի ցավում, դառը-քաղցր զգացողություններ տվեց էս գործը: Նոր տարվա գիշերը միշտ ուրիշ զգացողություններ է տալիս, ու էս պատմվածքում էլ էր էդպես: Շատ հաճելի, անչափ հաճելի պատմվածք էր:

Թիֆլինգ: Շատ հետաքրքիր ու արտասովոր էր: Գլխավոր կերպարը Աննան էր, ու ինձ նման հատկանիշներ ուներ, նույնիսկ մոր հետ հարաբերությունները շատ նման էին իմ ու մորս հարաբերություններին, կապվեցի հետը, ոնց որ իմ մասին գրված լիներ:

Մեր բակի մարդիկ: Հերթական պատմվածքը, որ ինձ հուզեց: Էնքան հարազատ են էս գործերը: Պատմվածքը հեղինակի հայրենի տան ու իր նախնիների մասին էր, իր հարազատների: Թե ինչքան ես սիրում քո ընտանիքն ու հայրենի տունը, թե ինչքան ես ուզում ընդմիշտ մնալ էնտեղ ու ընդմիշտ շրջապատված լինել քո հարազատներով: Թե ինչքան չես ուզում հարազատներիդ կորցնել, ու թե ինչ դառը զգացողություն է, երբ հասկանում ես, որ նրանք քեզ հետ ընդմիշտ չեն կարող լինել: Էնքան հարազատ գործ էր, որ էն տպավորությունն էր, ասես ինքս եմ գրել:

Խաթումը: Շատ հետաքրքիր պատմվածք էր, նրա մասին, որ մարդու ազգությունը չի բնորոշում իր բնավորությունն ու պետք չէ մարդուն դատել ըստ ազգության ու կրոնի:

Կրեճը: Եվս մի լավ պատմվածք, որը ցույց տվեց, որ չի կարելի երեխաներին դատել իրենց ծնողների՝ ժամանակին արված սխալների համար: Շատ լավ ավարտով պատմվածք էր, հաճելի էր կարդալ իրական սիրով ստեղծված ընտանիքի մասին:

Մաչուչա: Էս գործն էլ սիրեցի: Կարծում եմ՝ պատմողը մի որոշ ժամանակ Տարոնի վրա սիրահարված է եղել: Էնքան լավ էր նկարագրված, իր ես էլ սիրահարվեցի: Նույն դառը-քաղցր զգացողություններն ունեցա, ինչ մնացած գործերը կարդալիս:

Բերդ: Հեղինակի ծննդավայրի շատ գեղեցիկ ու հոգեթով նկարագրությունը տարբեր ժամանակաշրջաններում: Գյուղաբնակ մարդիկ սա շատ կսիրեն, վստահ եմ:

Ոչ մի վատ պատմվածք չկար էս գրքում, մեկը մեկից լավ ու հարազատ: Նարինե Աբգարյանին վստահաբար կդասեմ սիրելի հեղինակներիս շարքին: