A review by annbvrnes
Երկրի ջիղը by Հրանտ Մաթևոսյան

3.0

«Մարդ չպետք է լինի այնքան քաղցր, որ կուլ տան, էնքան դառը, որ թքեն»

Էս գիրքը 4 ստեղծագործությունների ժողովածու էր, որոնք իրար հետ փողկապակցված էին ու պատմում էին նույն ընտանիքի՝ Իշխանի գերդաստանի մասին: Առաջին 2 գրքերի՝ Նանա իշխանուհու կամրջի ու Աշնան արևի մասին գրել եմ արդեն առանձին, այնպես որ այստեղ կանդրադառնամ միայն «Եզրով» ու «Ծառերը» գործերին:

Այս վերջին երկու ստեղծագործությունները պատմում էր Աղունը, պատմում էր իր որդիներից մեկին: «Եզրով»-ում խոսում էր Երկրորդ աշխարհամարտի մասին, խոսում էր իր գյուղի բնակիչների ապրելակերպի մասին այդ տարիներին, խոսում էր իր ամուսնու, հոր, եղբոր ու այլոց մասին: Պատմում մե՛կ զավեշտալի, մե՛կ տխուր ու իր համար հուզումնալից պատմություններ: Էս ստեղծագործությունը հիմնական խմբագրման չի ենթարկվել ու ձեռագրից հենց փոխանցվել է գրքին, խառնիճաղանջ էր գրված ամեն ինչ, զգացվում էր, որ Աղունը շատ խոսկան է ու շատ մտածկոտ, մտքերը գլխում բավականին խառնված են: Դժվար էր կարդալը, բավականին դժվարությամբ եմ ավարտին հասցրել, ծանր էր, հատկապես հենց «Եզրով»-ը: Սիրելիներիս շարքում չեմ դասի, Աշնան արևին չեն հասնի: Մաթևոսյանն իր յուրովի բարդ ոճն ունի, պետք է հատուկ տրամադրվեմ, որ կարողանամ կարդալ:

Մի քիչ էլ խոսենք «Ծառերը» պատմվածքից: «Ծառեր»-ը պատմվածք էր՝ գրված էլի Աղունի տեսանկյունից: Մենախոսություն, որտեղ մայրը պատմում է որդուն իր անցած կյանքի մասին ու իր փորձից ելնելով խորհուրդներ տալիս: Ծառերը փաստորեն այդքան էլ ուղիղ իմաստ չեն կրում, դրանով մայրը կարծես բնորոշում էր անտարբերությունը շրջապատի նկատմամբ: Մայրը խորհուրդ էր տալիս որդուն միշտ գործել ու միշտ ռիսկի դիմել: Հիմնական առումով ես համաձայն եմ մոր խոսքերի հետ՝ չհաշված որոշ դրվագներ: Նա նշում էր, որ հանդուրժողականությունն ու բարիությունը թուլություն են ու հորդորում էր որդուն այդպիսին չլինել: Չեմ սիրում, երբ նման լավ հատկանիշները նույնականացվում են թուլության հետ:

Ընդհանուր առմամբ ծանր գիրք էր, ամենաշատը հավանել եմ Աշնան արևը, այնտեղից էլ՝ Աղունի կերպարը: Հրճվանքով էի լցվում, երբ մեջբերվում էր Հովհաննես Թումանյանը: Շատ եմ սիրում Թումանյանին, ու ինչպես հասկացա, Մաթևոսյանն էլ էր սիրում: Երկուսն էլ լոռեցի են, երկուսն էլ՝ հրաշալի հեղինակներ։

Գնահատում եմ 3/5, խորհուրդ եմ տալիս Մաթևոսյանի ոճին սովոր ու համբերատար մարդկանց: