A review by annbvrnes
Sorry, Bro by Taleen Voskuni

3.0

Իհարկե կարդացել եմ նրա համար, քանի որ առաջին հանդիպածս հայկական գիրքն էր, որ անդրադարձավ լգբտ համայնքին:

Գիրքը շատ հաճելի էր կարդալը, քանի որ հայկական շունչ ուներ իր մեջ: Հայկական հավես ավանդույթներ, որոնց շատերս հետևում ենք, հայկական անուններ ու արտահայտություններ, հայկական խոհանոց, մի խոսքով՝ լիքը հայկական: Նաև շատ բացահայտ խոսվեց Հայոց ցեղասպանության ու դրա ընդունման կարևորության մասին:

Թեթև գիրք էր, հենց ռոմանտիկ կոմեդիայի տրամադրությամբ: Հումորը շատ ուժեղ չէր, բայց դե վատն էլ չէր: Աղջիկներից սիրեցի Էրեբունիին, հետաքրքիր կերպար էր, յուրահատուկ էր: Նարեին շատ չկապվեցի, բայց Նարեի մայրիկն ու տատիկը՝ Անահիտն ու Նենեն, հրաշալի կերպարներ էին: Անահիտը տիպիկ հայկական մայրիկ էր, ու նաև այն փաստը, որ մաթեմատիկայի ուսուցչուհի էր, շատ ուրախացրեց: Նենեն շատ էլեգանտ կին էր, սիրում էր երաժշտություն ու գրականություն, նվագում էր դաշնամուր: Եթե տատիկ դառնամ, նրա նման եմ լինելու:

Նարեի ընկերներից հավանեցի Արեգին: Հումորով տղա էր, կենսուրախ: Ուներ մեր՝ արևելյան ակցենտը, խոսում էր արևելահայերենով, ի տարբերություն մնացած կերպարների, ովքեր արևմտահայերենով էին խոսում: Արեգը Հայաստանցի էր, ինչպես ասում էին գրքում: Եթե գրքից լինեի, կսիրահարվեի նրան:

Գիրքն ունի շատ լավ ու թեթև ավարտ, արժե կարդալ տրամադրությունը բարձրացնելու համար, 3/5, խորհուրդ եմ տալիս ոչ հոմոֆոբ հայերին, էս գիրքն ավելի շատ ուշադրության է արժանի: